Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ԲՀԿ «փակ, գաղտնի» մեկնարկին Գագիկ Ծառուկյանը հայտարարել է. «Այսօր քաղաքական գործիչների մեծ մասը, որ անգամ կոստյում չեն ունեցել, իրենց պաշտոնին հասել են քծնանքով, այլ ոչ թե աշխատանքով, և այդ մարդկանց պատճառով չպետք է ժողովուրդը տուժի»: Երիտասարդ ԲՀԿ-ականներին իրենց ղեկավարի տեսակետի առնչությամբ մի քանի հարցեր ուղղեցինք:
«ԷԴ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՉԵՆՔ ՄՏԱԾԵԼ»
ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)
-Պատգամավոր լինելու համար քանի՞ կոստյում պիտի ունենալ:
-Էդ ուղղությամբ չենք մտածել, չենք քննարկել, վերլուծել: Ըստ անհրաժեշտության, ինչքան կարիք ես զգում, այդքան էլ ունենում ես:
-Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ «քաղաքական գործիչների մեծ մասը, որ անգամ կոստյում չի ունեցել, իրենց պաշտոնին հասել են քծնանքով»: Հատկապես ո՞ւմ նկատի ունի:
-Պարոն Ծառուկյանն ընդհանուր ընկալման մեջ էր ասել, որ մարդիկ կան, որ իրենց կյանքում սովորական կոստյում չեն կարող ստեղծել, բայց սովորական պաշտոն ունենալով, կարողացել են կալվածք ունենալ, որը փորձում են ի նպաստ իրենց օգտագործել:
-Դրանում ինքնաքննադատություն չկա՞ր:
-Չեմ պատրաստվում քննարկել կամ ինքնաքննադատական տեքստով նայել: Շատ կոնկրետ էր դա ասված ու բոլորի համար հասկանալի:
-Ի՞նչ եք կարծում, վարչապետի պաշտոնին հավակնելու համար քանի՞ կոստյում պիտի ունենալ:
-Հարցրեք վարչապետի թեկնածուներին:
«ՈՎ ՈՒԶՈՒՄ Է ԼԻՆԻ` ԲՀԿ-ԻՑ, ՀՀԿ-ԻՑ»
ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)
-Պատգամավոր լինելու համար քանի՞ կոստյում է պետք:
-Էդ ի՞նչ եք էսօր որոշել բոլորդ: Պատգամավոր լինելու համար նախ պետք է ունենալ բարոյականություն, խելք և գիտելիք: Ցանկալի է նաև` մասնագիտական ուղղվածություն` խորհրդարանում համապատասխան հանձնաժողովի շրջանակում գլուխ հանելու, լավ մտքեր գեներացնելու ու դրանք հավուր պատշաճի մատուցելու, իրավական ակտեր դարձնելու համար:
-Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ «քաղաքական գործիչների մեծ մասը, որ անգամ կոստյում չեն ունեցել, իրենց պաշտոնին հասել են քծնանքով»: Հատկապես ո՞ւմ նկատի ունի, թե՞ դա նաև ինքնաքննադատություն է:
-Զարմանում եմ, որ այդ պարզ միտքը, հնչած ժողովրդի համար հասկանալի լեզվով, փորձում եք այլ կերպ մեկնաբանել: Խոսքը նրանց մասին է, ովքեր, մտնելով քաղաքականություն, իրենց համար բարեկեցություն են ստեղծում, ընդ որում, շատ արագ: Այլ կերպ, քան կոռուպցիա, կաշառակերություն կամ հանրային միջոցների մեջ ձեռքը մտցնելու ձևակերպումներ չեմ կարող տալ: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր քաղաքականությունում են նյութական բարիք ստեղծելու համար: Իսկ մինչև քաղաքականություն մտնելը նման ապահով կյանքով չէին ապրել:
-Ասել է` ոչ միայն պաշտոնյաների, այլև բոլոր «դաշտերի» քաղաքական գործիչների մասին է խոսքը:
-Պետական պաշտոնյան պիտի քաղաքականությամբ զբաղվի օրենքով իրեն տրված աշխատանքի և օրինական արտոնությունների շրջանակում: Եթե մարդիկ, պետական գործառույթներն իրականացնելով, մեծ նյութական բարիքներ են ստեղծում, բոլորի համար պարզ է` դա ինչ երևույթ է:
-Եթե պաշտոն ունեցողների մասին է խոսքը, հայտնի է, որ ՀՀԿ-ն է հիմնականում տնօրինում դա, ուրեմն ինչո՞ւ եք խուսափում ուղիղ հասցեատերերին նշելուց:
-Հարգելի բարեկամ, շատ ուղիղ տեքստով ասվել է` նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, ովքեր պետական գործառույթ են իրականացնում:
-Բայց ԲՀԿ-ն էլ է քաղաքականությամբ զբաղվում:
-Ովքեր սեփական բարեկեցությունն են մեծացնում քաղաքականությամբ զբաղվելով, նրանք անելիք չունեն այս երկրում: Ավելին, օրենքի համապատասխան պիտի պատասխանատվություն կրեն: Ով ուզում է լինի` ԲՀԿ-ից, ՀՀԿ-ից կամ այլ կուսակցությունից: Դուք չեք կարող ինձնից քաշել այն ձևակերպումը, որ Ձեզ պետք է:
-Ես ոչ մի ձևակերպում չեմ ուզում «քաշել»: Պարզապես տևական շրջան նաև ԲՀԿ-ն է պաշտոններ զբաղեցրել և ծառայեցրել իր նպատակին:
-Որևէ ԲՀԿ-ական սեփական բարեկեցություն է ապահովե՞լ պետական միջոցների հաշվին: Եթե կան նման դեպքեր ու պատասխանատվության չեն ենթարկվել, կարո՞ղ եք մատնանշել, իհարկե` ոչ:
-Պարոն Ծառուկյանը նաև հայտարարել է` «եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա դիտարկելու եմ իմ դեմ ուղղված վիրավորանք, և վիրավորողը իմ հետ գործ կունենա»: Դուք անհանգստություններ ունե՞ք, կա՞ն այդօրինակ դեպքեր:
-Նման դեպքեր բազմիցս եղել են:
-Եվ:
-Օրինակ, Վարդան Օսկանյանը:
-Օսկանյանի համար ողջ ԲՀԿ-ն «ոտքի՞» է ելել:
-Արդեն հայտարարել ենք դրա մասին, համապատասխան գործողություններ արել ենք:
-Եվ վերջում. վարչապետի հավակնություններ ունեցող անձը քանի՞ կոստյում պիտի ունենա ձեռքի տակ:
-Ինձ բացարձակապես չի հետաքրքրում քանի կոստյում պիտի ունենա հատկապես վարչապետի պաշտոն զբաղեցնողը: Պետք է ունենա սեփական երկրի հանդեպ սրտացավ վերաբերմունք, խելք, բարոյականություն, փորձ, արդյունավետ տնտեսական կառավարում:
-Գեթ մեկ կոստյում չունենալու խնդիրն էիք ժամանակին բարձրաձայնել, այսօր մնո՞ւմ եք նույն կարծիքին:
-Որքան լրատվամիջոցները փորձեն ժողովրդի ուշադրությունը շեղել իմ ասածից, այնքան անգամ դրա մասին խոսելու եմ: Երբ 2012-ի բյուջեի կատարողականի ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավարի կողմից հնչեց մի քանի տասնյակ միլիոն դրամ ծախս` պատգամավորների պահպանման հոդվածի ներքո, ես վրդովված հարց հնչեցրի` ո՞ւր են գնացել այդ միլիոնավոր դրամները, եթե աշխատավարձը չի բավականացնում… Իսկ տարրական գույք աշխատասենյակում, որ իմը ինքս եմ բերել, չկա: Ինչո՞ւ մարդկանց ուշադրությունը փորձեցիք շեղել բաճկոնային թեմաների վրա: Ինչպես ասում է ՈՒլյանով Լենինը` եթե ինչ-որ բան տեղի է ունենում, ուրեմն դա ինչ-որ մեկին ձեռնտու է:
Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ